Ալիևի ցինիզմի թիվ մեկ մեղավորը «Վալդայում» լռությունն էր
Արդեն երկու օր է, ինչ հայկական, ռուսական ու ադրբեջանական մամուլը ակտիվորեն քննարկում է Աշխաբադում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «մենամարտը»։
Ադրբեջանական մամուլը վկայակոչելով ռուսական առանձին վերլուծաբաններին, փորձում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնել որպես «ֆաշիզմը հերոսացնող»։ Ռուսական մամուլում էլ առանձնապես դրական հրապարակումներ Հայաստանի հետ կապված չկան։ Հայկական մամուլն ու տարբեր շրջանակներն են, որոնք փորձում են հակադարձել այս ամենին։ Անկախ ամեն ինչից, կատարվածն իհարկե կատարված է ու հիմա, «պոստ ֆակտում» կարելի է միայն դատողություններ անել «փոխհրաձգության» մասին։
Հայաստանում Սուրբ Աթոռի նախկին դեսպան Միքայել Մինասյանը բավական դիպուկ կերպով նկատել է, իր արձագանքի մեջ, որ Ալիևի պահվածքը ուղիղ շարունակությունն է Սոչիում «Վալդայ» ակումբում Ալիևի պահվածքի ու դրա հանդեպ Մոսկվայի լռության, որը գուցեև Բաքվում որոշեցին ընդունել լռելյայն քաջալերանք։
Իրականում, նախկին դեսպանի ասածի մեջ բավական բովանդակային տարողություն կա։ Այո, որևէ մեկը չի ժխտում, որ հայ-ռուսական հարաբերությունները ներկայումս բավական խնդիրներ ունեն։ Սակայն և դա հիմք չէ, որպեսզի Մոսկվան թեկուզ լռությամբ քաջալերի ղարաբաղյան հակամարտության մի կողմին, միակողմանի կերպով, առանց մյուս կողմերի ներկայության, ասել է թե՝ արձագանքելու հնարավորության, թույլ տրվի խոսել հակամարտության մասին խիստ վիճելի հայտարարություններ անելով։ Իհարկե, կարող են հակադարձել, որ Ալիևը Սոչիում պատասխանեց Փաշինյանին, սակայն չմոռանանք, որ Ստեփանակերտում ցույցին չէր մասնակում ոչ Պուտինը, ոչ Մակրոնը և ոչ էլ Թրամփը, այնպես որ չպետք է ներքին լսարանին ուղղված հայտարարությունը հավասարեցնել միջազգային հավակնություն ունեցող ակումբի հարթակի հետ։ Ամեն դեպքում կարծես թե հասկացան, որ նման «խաղերը» հակադարձվելու են, ու Ալիևն ստացավ իր ասածի պատասխանը նույնիսկ ավելիով, ինչը ֆիքսել էր նաև «Կոմերսանտը»։
Յակոբ Բերգեր