Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը ճանաչում էր ԼՂՀ-ն․ Շավարշ Քոչարյան
ՀՀ փոխարտգործնախարարը շեշտադրել է երկու հարց. ինչո՞ւ երկար տարիներ շարունակվող բանակցային գործընթացը՝ հեղինակավոր միջնորդների, ՄԱԿ ԱԽ 3 անդամների մասնակցությամբ, առաջընթացով չպսակվեց։ Եվ ինչո՞ւ ինքնորոշման անթերի իրականացված ակտը վերածվեց արյունահեղ հակամարտության։
«Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ այս հարցադրումներով է հանդես եկել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
Նա հիշեցրել է, որ 1994 թվականի մայիսին, բանակցությունների արդյունքում, հրադադարի համաձայնագիրը կնքվել է Արցախի և Ադրբեջանի միջև։ Իսկ արդեն պատրաստի փաստաթղթին միացել է նաև Հայաստանը։
«Հեյդար Ալիևը հանձնարարել էր փոխնախագահին հանդիպել Արցախի պաշտոնյայի հետ և պատրաստել երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը։ Փաստաթուղթը ռուսաց լեզվով էր, օգտագործվում էր «ԼՂՀ» հապավումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Դրա տակ կա ստորագրություն՝ «Հեյդար Ալիև»»,- ասել է Շավարշ Քոչարյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը ճանաչել է Արցախը որպես բանակցային կողմ և տարբեր մակարդակներում ուղղակի բանակցություններ է վարել։
«Մինչդեռ, այսօր արդեն Ադրբեջանը խուսափում է ուղղակի բանակցություններից և ձևացնում, թե այնպիսի սուբյեկտ, ինչպիսին Արցախն է, բնավ չկա»,- նկատում է Քոչարյանը։
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը չի ցանկանում, որ բանակցություններում առաջընթաց գրանցվի։
«Ադրբեջանը, բանակցությունների անվան տակ, քարոզչական պատերազմ է վարում` փորձելով միջազգային հանրությանն ապացուցել, որ Հայաստանի հետ հակամարտությունը տարածքային վեճ է»,- ասում է Քոչարյանն ու հավելում, որ հայկական կողմերը խոսում են ինքնորոշման մասին, Ադրբեջանը խոսում է տարածքային ամբողջականությունից։