Ռուս-թուրքական հարաբերություններն ու հայկական գործոնի անորոշ ապագան
Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, սակայն Թուրքիայի կողմից Սիրիայում ռազմական օպերացիան բերելու է Անկարայի՝ Արևմուտքից էլ ավելի հեռացմանն ու ռուս-թուրքական հարաբերությունների՝ էլ ավելի ջերմացմանը։
Նման կարծիքներ արդեն հայտնում են ռուսական քաղաքագիտական վերլուծական շրջանակներում և ոչ ամենևին անհիմն կերպով։ Բանն այն է, որ այդ օպերացիան առնվազն Եվրոպայի սրտով չէր։ Եվրոպան դա չի մարսի։ Թեև ռազմական առումով արգելել չի կարող, սակայն տնտեսական սանկցիաների՝ հին ու բարի, և նաեւ աշխատող մամլիչը գործի դնելով, Անկարային կկարողանա խելոքացնել։ Միացյալ Նահանգներում էլ առանձնապես ոգևորված չեն այդ օպերացիայով։ Պարզապես ժամանակներն Անկարայի համար լավ դասավորվեցին ու նախընտրական տարում Թրամփը շատ բան խոսել չի կարող և պետք է իր քվեների մասին մտածի։ Սակայն սենատոր Լինդսի Գրեմի հայտարարությունը, որով հարցը կարող է հասնել ընդհուպ Անկարայի՝ ՆԱՏՕ-ից վտարվելուն, կամ էլ Թրամփի սպառնալիքին, որ թույլատրված սահմանագիծն հատեց ապա ԱՄՆ-ն կքանդի թուրքական տնտեսությունը, ինչպես արել է նախկինում, արդեն շատ բանի մասին է խոսում։ Ասել է, թե Արևմուտքի հետ առաջիկայում Էրդողանի հարաբերությունները կրկին անցնելու են մթագնած ամպամած երկնքի ներքո։
Մոսկվան իհարկե կօգտագործի Անկարային՝ ՆԱՏՕ-ն ու Արևմուտքը թուլացնելու համար, սակայն այստեղ էական է, թե այդ ամենի մեջ, արդյո՞ք հայկական գործոնը կրկին ռուսների ձեռքին մանրադրամ չի դառնա։ Ամեն դեպքում հայկական գործոնի ապագան ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլում դեռ շարունակում է մնալ անորոշ, կարելի է ասել՝ նույնիսկ անհասկանալի մակարդակում։
Յակոբ Բերգեր