Ես էլ հեղափոխությունում եմ ներդրում ունեցել․ Արմեն Գրիգորյանը համեմատվում է հերոս Վիտալի Բալասանյանի հետ (տեսանյութ)
«Իրավապահ մարմինները պետք է ճշտեն՝ Վիտալի Բալասանյանի հայտարարություններում հանցակազմ կար, թե ոչ»։
Այս մասին կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարությանը։
Ինչ վերաբերում է Գրիգորյանի հնչեցրած գնահատականին, ապա նա նշեց, որ իր մոտեցումները և գնահատականները չեն փոխվել։ Դիտարկմանը, թե խոսքը վերաբերում է հերոսին՝ Գրիգորյանն արձագանքեց․
«Հիմա, օրինակ, ես էլ հեղափոխությունում եմ ներդրում ունեցել, հիմա արդյոք իրավունք ունե՞մ հավելյալ բաներ անելու, իհարկե՝ ոչ: Ես չեմ կարծում, որ իրավունք ունեմ օրենքը խախտելու»։
Հարցին, թե Արմեն Գրիգորյանն իրեն համեմատում է Արցախյան պատերազմի հերոսի հետ, Գրիգորյանը պատասխանեց․ «ես չեմ ասում համարժեք են»։
Նա նաև, պատասխանելով հարցին, կեղծ համարեց այն լուրը, թե ինքը չի ծառայել և նշեց, որ ծառայել է Արցախի պաշտպանության բանակում:
Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով «Սասնա ծռերին», ասել էր, որ 2016 թվականին ներեցին «այդ ահաբեկիչներին», սակայն հիմա ինքը հայտարարում է՝ ֆիզիկապես ոչնչացնելու են նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իր, ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ:
Իսկ Արմեն Գրիգորյանը Վիտալի Բալասանյանին «խուլիգան» էր անվանել։