Ես ամենամոտ մարդկանցից մեկն եմ եղել, Ռոբերտ Քոչարյանն ինձ որևէ ցուցում չի տվել․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անընդունելի է համարում այն, որ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ուր ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանի՝ ազատության մեջ գտնվելը ոչ մի սպառնալիք չի կարող ներկայացնել։
«Կարծում եմ, որ եթե ինքը լինի ազատության մեջ, ինքը ոչ մի բանի չի կարող խոչընդոտել, առավել ևս, որ նախաքննական մարմինն իր գործը կատարել է: Այն մարդիկ, որոնք տարբեր տիպի իրադրության համապատասխան ցուցմունքներ են տվել, իրենք իրենց ցուցմունքների տերն են: Չեմ կարծում, թե ինքը կարող է նրանց հետ առնչություն ունենալ և ինչ-որ կերպ ազդել: Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք տված այդ հազար զինծառայողների հետ որևէ առնչություն չի ունեցել: Ես ամենամոտ մարդկանցից մեկն եմ եղել որպես գլխավոր շտաբի պետ և Ռոբերտ Քոչարյանն ինձ որևէ ցուցում, որևէ հրաման չի տվել, առավել ևս մնացածին»,- ասաց նախկին նախարարը։