Ռուսաստանը՝ պետք է անդրադառնա Ալիևի հայտարարությանը, թե «Արցախը Ադրբեջանն է և վերջ»
Ալիևը հակասում է ոչ միայն ինքն իրեն, այլև Մինսկի խմբին ու նրանց տասնյակ տարիների գործընթացին: Այս մասին ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը:
Վերջինս հայտարարել է, թե «Արցախը Ադրբեջանն է և վերջ»:
«Մինսկի խմբի բոլոր փաստաթղթերում որպես սկզբունք նշված է ժողովուրդների ինքնորոշման հարցը: Այդ հարցը սկսեցին Մինսկի խմբում քննարկել, որովհետև Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշվել է: Ո'չ թե բնակչությունը, այլ ԼՂ ժողովուրդն է ինքնորոշվել»,-ասաց Իգիթյանը` հավելելով, որ այս համատեքստում ինքը այլ հայտարարություն է սպասում:
Նա հիշեցրեց, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ լավրովը հայտարարել է, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե Արցախը Հայաստանի տարածքն է, դա դեմագոգի է և չի նպաստում բանակցությունների գործընթացին:
«Ես սպասում եմ, որ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկիր, որը պետք է չեզոք լինի և անաչառ, նման հայտարարություն պետք է անի նաև Ալիևի հայտարարության հետ կապված»,-ասաց Իգիթյանը:
Նա նկատեց, որ սա նույն իրավիճակն է, քանի որ 2 երկրների` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նույն հայտարարությունն են արել:
«Եթե Ադրբեջանը համարում է, որ ԼՂ-ն իր տարածքն է, ապա ի՞նչ բանակցությունների մասին պետք է խոսք գնա: Այսիքնն ինչ բանակցությունների մասին է խոսքը, եթե Ադրբեջանը սրանով հայտարարում է, որ չի տեսնում խաղաղ բանակցությունների շարունակություն: Եվ Լավրովը նաև այս մասին պետք է հայտարարություն անի»,-եզրափակեց Իգիթյանը: