Բելլա Քոչարյան-Պուտին հանդիպումը Փաշինյանի համար անհետևանք չի անցել
Հայաստանում երեկ տեղի ունեցավ պատմական մի իրադարձություն՝ մեր երկրում էին հավաքվել աշխարհի 8 պետությունների լիդերները. իհարկե, սա տեղի է ունեցել նախորդ մերժված իշխանության ջանքերի շնորհիվ. որովհետև հենց Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանը մաս կազմեց ԵԱՏՄ-ի։
Չնայած ընդդիմադիր Փաշինյանը մշտապես կրկնում էր, որ Հայաստանը դուրս պետք է գա այդ տնտեսական կառույցից, սակայն երեկ հերթական անգամ ապացուցեց, որ ինքն ասում է մի բան, բայց անում լրիվ հակառակը՝ հիմա մենք այդ կառույցի հետ ունենք փայլուն հարաբերություններ։
Փայլուն չէր, սակայն, Փաշինյանի տրամադրությունը. ՌԴ նախագահի ներկայությունից Փաշինյանը քաշված ու կաշկանդված էր, մի տեսակ քաշված, փողոցային տերմինոլոգիան օգտագործելով՝ նույնիսկ կարելի է ասել՝ Փաշինյանը «մանթո էր» ու հենց այդ «մանթոյի» ապացույցներն են նրա ֆեյսբուքյան գրառումները։
Փաշինյանն ամեն րոպե իր զոմբիներին ու ընդդիմախոսներին ինֆորմացնում էր՝ մեկ հանդիպել է Պուտինի հետ «Զվարթնոցում», մեկ գերմանացու ճշգրտությամբ գրում էր, թե Պուտինի հետ քանի ժամ խոսելու երջանկություն է ունեցել. սակայն ոչ մի բառ ողջ ազգին հուզող խնդրի մասին. օդում կախված է մնում հարցը՝ հանդգնե՞լ է խոսել ռուսական գազի գնի բարձրացումից, թե՞ այդ մասին Փաշինյանն ազգին կտեղեկացնի ֆեյսբուքյան լայվով, ինչպես արեց դեկտեմբերին։
Հանրությունը հասկանում է Նիկոլ Փաշինյանի ծանր հոգեբանական վիճակը, որը մեկ քարով ավելացավ Բելլա Քոչարյան-Վլադիմիր Պուտին հանդիպման լուրից։ Ամեն դեպքում, հանդիպումը որ կողմից էլ նախաձեռնված լինի, Քոչարյանի տիկնոջ հետ հանդիպման գնալը ևս մեկ հստակ ժեստ է՝ ուղղված հենց Փաշինյանին։
Իսկ Փաշինյանը հանդիպման լուրից ընկել է ցայտնոտի մեջ ու հրահանգել իր ընտանիքի թերթին՝ գրել, որ Բելլլա Քոչարյանի խնդրանքով է Պուտինը հանդիպել նրա հետ, և դա տևել է մի քանի րոպե։
Փաշինյանն ընկել է վայրկյանների հետևից, իսկ դա բացահայտում է Քոչարյան ընտանիքի նկատմամբ Փաշինյանի վրեժխնդրության, իր թուլության ու շատ այլ բաների մասին։ Միայն վախից ջղաձգված մարդը կարող է իր սարսափների մասին այդքան շատ ու բարձր բղավել։
Իսկ երբ այդ՝ լիդերին ոչ վայել հատկանիշներով է օժտված երկրիդ ղեկավարը, դա պարզապես ողբերգություն է։