«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում դադարեցնել նման գործելաոճը
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մշտադիտարկման ժամանակ նկատեց, որ այս անգամ աղբյուրի բացահայտման պահանջով Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժինը աղբյուրի բացահայտման պահանջով դիմել է «Հրապարակ» օրաթերթին։ Վերջին տասնօրյակում սա արդեն երրորդ դեպքն է (Armlur.am, hayeli.am), երբ պետական մարմինները փորձում են ճնշել լրատվականներին և պահանջում են աղբյուր բացահայտել։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում դադարեցնել նման գործելաոճը։ ՀՀ Զանգվածային լրատվության մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, աղբյուրի բացահայտման պահանջ կարող է լինել միայն քրեական գործի առիթով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները, մյուս բոլոր դեպքերում լրատվականն իրավունք ունի աղբյուր չբացահայտել։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, ուսումնասիրելով 2019թ․ սեպտեմբերի 23-ին hraparak.am կայքում տեղ գտած վիճարկվող հոդվածը, չգտավ ծանր կամ առավել ծանր հանցագործության մասին որևէ հիշատակում։ Իհարկե, պատկան մարմինները կարող են դիմել լրատվականին աղբյուրի բացահայտման պահանջով, սակայն դա ոչ մի տեղ չտանող իրավական գործողություն է և, օրենքի համաձայն, լրատվականները կարող են մերժել բացահայտման պահանջը։